Առաջին ինտերնետային կայքը, որը բացվել էր 1990 թ. դեկտեմբերի 20-ին, նշում է իր 25-ամյակը:

Ռեսուրսն ի սկզբանե փակ էր լայն հասարակության համար, ու դրա առաջին այցելուներն էին Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհրդի աշխատակիցները: Կայքը բացատրում էր գիտնական Թիմ Բերներս Լիի մշակած World Wide Web (WWW) հիպերտեքստային նախագծի էությունը, որը թույլ էր տալիս տեղեկություններ փոխանակել գործընկերների հետ՝ օգտագործելով փաստաթղթերում հիպերհղումների մեխանիզմը, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Endgadget պորտալը:

Բերներս Լին WWW նախագիծը ղեկավարության դիտարկմանն էր ներկայացրել 1990 թ. նոյեմբերի 12-ին: WWW հայեցակարգի ստեղծումից բացի գիտնականը մասնակցել է URL իդենտիֆիկատորների, HTTP արձանագրության ու HTML լեզվի մշակմանը, որոնք դարձել են ժամանակակից համաշխարհային սարդոստայնի հիմքը: Հիմա նրա նպատակն է ինտերնետն ազատել գրաքննությունից:

Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհուրդը (ֆրանսիական Conseil Européen pour la Recherche Nucléaire) ֆիզիկայի ոլորտում տարրական մասնիկների հետազոտությունով զբաղվող աշխարհի խոշորագույն կազմակերպությունն է: