ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ՀԿ-ների հանրային շահերի պաշտպանության հարցերով դատարան դիմելու իրավունքը:
2010 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հելսինկյան քաղաքացիկան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի քննությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշման մեկնաբանության մեջ գտել է, որ ուրիշի խախտված իրավունքների համար դատարան կամ այլ մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու իրավունքի իրացման դեպքերը եւ կարգը սահմանելիս հարկ կլինի հաշվի առնել միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց նպատակներից են կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունում ՀԿ-ների գործառույթների իրականացման, ինչպես նաեւ ՀԿ-ների միջոցով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով, հետագա օրենսդրական զարգացումները պետք է ընթանան կազմակերպությունների կողմից դատարան դիմելու՝ ՍԴ-ի սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ:





























