Մունի անունով 3-ամյա շլդիկ կատուն Հովսեփյանների ընտանիքի անդամն է դարձել այն բանից հետո, երբ նրանց դուստրը` երկու ամսական ձագին փրկել է ձմռան ցրտին դրսում սառչելուց:
«Անին դուրս էր եկել, շենքի բակում տեսել էր փիսոյին: Աչքերը, լքված, խեղճացած հայացքը գրավել էին Անիին, գրկած բերել էր տուն»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անիի մայրը՝ Ալենուշ Հովսեփյանը:
Մունին աչքի շլությունից բացի այլ առողջական խնդիրներ չի ունեցել: Ընտանիքն այնքան է սիրել կատվին, որ շուտով սկսել է չնկատել նրա աչքերի թերությունը, որոշ ժամանակ անց Մունին ինքն էլ հարմարվեց իր շլության հետ։
«Իրեն տարանք բժշկի, ստուգեցինք, հետո տանը տաք տեղ տվեցինք: Առաջին մի քանի օրերին հոգնած էր երեւի, անընդհատ քնում էր: Հետո կամաց-կամաց աշխուժացավ: Երբ շատ փոքր էր, շլդիկությունը խանգարում էր: Հետո հետզհետե համակերպվեց: Հիմա անգամ լավ ճանճ է որսում, դիպուկ բռնում է: Միայն թերանում է մուկ բռնելիս: Վազում է հետեւից, բայց գործնականում չի կարողանում»,- պատմեց տիկին Ալենուշը:
Ավելին, աչքերի այդ առանձնահատկությունը դարձավ Մունիի այցեքարտը ու նրան հռչակ բերեց։ Մունին մեծ թվով երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, նրա Instagram–ի էջին հետեւում են հազարավոր բաժանորդներ ու նրա լուսանկարների ու տեսանյութերի տակ սիրո խոստովանություններ թողնում։ Շլդիկ կատվի մասին գրել են համաշխարհային առաջատար պարբերականները, ինչից հետո նա իսկական աստղ է դարձել։
Ընտանիքը, որտեղ նա ապրում է, նախկինում էլ ընտանի կենդանիներ են ունեցել, բոլորն էլ առողջ։ Բայց Մունին ամենախելացին է, հանգիստն ու լսողը։ Խնամակալները կարծում են, որ Մունին հենց այնպես չի հասել նման «հաջողության»։ Սա լավ օրինակ կարող է ծառայել բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր են իրենց կողքին ապրող ու օգնության կարիք ունեցող կենդանիների նկատմամբ։











