Այս տարի սեպտեմբերի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարեւոր տոներից է: Այն նաեւ տաղավար հինգերորդ եւ վերջին տոնն է:
Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում` կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլեւս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը` սեպտեմբերի 13-ը` մեռելոց է: Այդ օրն այցելում են հանգուցյալների շիրիմներին:





























