ՀՀ կառավարությունն իր սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Վայոց Ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրին։
Նախատեսվում է կառուցել 180 տեղանոց հյուրանոց, զարկ տալ գյուղմթերքների, հատկապես՝ կաթնամթերքի արտադրությանը։ Զբոսաշրջիկներին կառաջարկվեն ավանդական հայկական կերակրատեսակներ, օրինակ՝ լավաշ։
Կառուցապատման ենթակա տարածքը գտնվում է Երեւան-Մեղրի միջպետական մայրուղուց 150 մ հեռավորության վրա, Արփա գետի ափին հարակից բարձրադիր հատվածում, հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ։
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այսօր լրագրողներին խոստացավ, որ տարածքը չեն աղավաղի, իսկ անտառները չեն կտրատվի։ Նախարարն ասաց նաեւ, որ զբոսավայրի ստեղծումը կապված չէ որսորդության հետ, թեեւ Վայոց Ձորի մարզը հայտնի է որպես որսորդության շատ հարմար տարածք։
Զբոսավայրի ստեղծման ներդրումային արժեքը գնահատվել է 10 մլն դոլար։ Ի դեպ՝ սա երկրորդ նմանատիպ զբոսավայրն է Հայաստանում։ Առաջինը գտնվում է Երեւան-Գեղարդ ճանապարհի մոտ, Գողթ գյուղի մերձակայքում։ Ըստ. Վ. Վարդանյանի՝ մոտ օրերս այնտեղ կսկսվեն շինարարական աշխատանքները։





























