ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կիրառված 20 միլիոն դրամ տուգանքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏՄՊՊՀ-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցել էր վարչական վարույթ: Վարույթի հիմք է հանդիսացել այն, որ «ԱրմենՏել» ընկերության մեկնարկած «Պարզից Պարզ» անվանմամբ սակագնային փաթեթը կրկնօրինակում էր մրցակից ընկերության՝ «Օրանժ Արմենիայի» «Պարզ» անվանումով փաթեթին: Ընդ որում, վերջինը վերոնշյալ անվանումը դեռեւս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:

Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված էին նարնջագույն եւ կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ՝ ակնհայտորեն մատնացույց անելով շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք խաղի ընթացքում համարվում են պարտված: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը փաստել էր, որ «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է մյուս օպերատորների համբավին եւ գործարար վարկանիշին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:

Օրենքի խախտման համար ՏՄՊՊՀ որոշմամբ, «ԱրմենՏելը» տուգանվել էր 20 միլիոն դրամի չափով եւ պարտավորվել սեղմ ժամկետներում վերացնել խախտումը: «ԱրմենՏելը» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: Դատական բոլոր 3 ատյաններում Հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ՝ ուժի մեջ: