Իրանի նավթագազային ոլորտը Զարգացման վեցերորդ պետական պլանի ընթացքում, որը նախատեսված է 2016-2022 թթ-երի համար,  150 մլրդ դոլար ծավալի ներդրումների կարիք կունենա: Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարության Ռազմավարական պլանավորման  գլխավոր տնօրեն Սաիդ Կավամպուրը:

«Իրանի նավթագազային արդյունաբերությանը երկրի Զարգացման վեցերորդ պլանի ընթացքում` 2016-ից  2022 թթ-երին   150 մլրդ դոլար ծավալի ներդրումներ են անհրաժեշտ», - երեքշաբթի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Fars News Agency-ին:  

«Միաժամանակ Իրանը հույս ունի, որ այդ գումարից  100 մլրդ դոլարի կապիտալ ներդրումները կարելի է սպասել օտարերկրյա ներդրողներից: Մնացած ներդրումները կապահովվեն տեղի աղբյուրների հաշվին եւ կծախսվեն նավթի եւ գազի հետախուզման եւ արդյունահանման նախագծերի վրա», - ասել է Կավամպուրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես ընդգծել է իրանական նախարարության ներկայացուցիչը, գերատեսչության ռազմավարական նպատակները ոչ միայն արդյունահանող հզորությունների զարգացումն է, այլեւ նավթաթորման գործարանների, նավթաքիմիայի արտադրանքի համալիրների, գազի արտահանման ենթակառուցվածքների, ինչպես նաեւ   Euro III եւ Euro IV բենզին արտադրող գործարանների կառուցումը:

Նշված ներդրումային ծրագրերի իրականացման   դեպքում «Իրանից գազի արտահանումն օրական կհասնի մինչեւ 200 մլն խորանարդ մետրի»:

Առաջիկա վեց տարվա համար այդ էներգակրի արտահանման հիմնական ուղղություններ են   ընտրվել Իրաքը, Պակիստանը եւ ԱՄԷ-ն, նշել է պաշտոնյան: