Լոռու մարզի Գուգարք գյուղում այսօր` դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան բռնկված ու 5 ժամ անց մարված խոշոր հրդեհի հետեւանքով այրվել է 6 տնակ` գույքի հետ միասին։ Նրանցից մեկի բնակիչ Օֆելյա Եգանյանը NEWS.am–ին պատմեց, որ առավոտյան տնից դուրս է եկել, ամեն ինչ կարգին է եղել, դեպքի մասին իրեն հարեւաններն են հեռախոսով տեղեկացրել։

«Առավոտյան գնացի աշխատանքի, գործի չհասած զանգեցին, ասեցին` սենց բան ա եղել, հետ եմ եկել, չեն թողել, որ ներս մտնեմ, մի բան վերցնեմ։ Խոլ էի վերցրել վարկով, գազի պլիտա, սառնարան, ամեն ինչ մնաց մեջը, էլ ոչ մի բան չունեմ»,- ասաց նա։

ԱԻՆ ԼՄՓՎ պետի տեղակալ Արթուր Չատինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։ Նրա խոսքով` փայտե տնակները, որ երկրաշարժից հետո են կառուցվել, շատ չոր են եղել, այդ պատճառով դժվար է եղել հրդեհը մարել։

Մինչեւ կառավարությունում հրդեհի հետեւանքով անտուն մնացածների հարցը քննարկելը`  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը համայնքի ղեկավարին հանձնարարել է լուծել բնակիչների ժամանակավոր կացարանների հարցը։

Ոմանք կմնան բարեկամների տանը, ոմանց էլ գյուղապետարանը կտեղավորի վարձակալվող տներում։

Նշենք, որ երկու տարի առաջ նույն հասցեում կրկին հրդեհ էր բռնվել, ինչի հետեւանքով  երկհարկանի շենքում բնակվող 8  ընտանիք անօթեւան էր մնացել, նրանց ամիսներ անց   կառավարության ու բարերարների միջոցով ամիսներ անց բնակարաններ էին հատկացվել։