«Երեւանում ոչ մի էլիտար շենքի կառուցմանը ոչ մասնակցել եմ, ոչ էլ նման ծրագիր կա, որ պիտի մասնակցեմ: Այդ ամենը հերյուրանք է»,-այսօր` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ  Աբրահամյանը, անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, ըստ որի ԱԺ նախագահը ձեռք է բերել Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության մանկապարտեզը եւ դրա տեղում պատրաստվում է կառուցել էլիտար շենք: Նա նաեւ նշել է, որոչ մի վատ բան չի տեսնում, որ այդ տարածքում շենք կառուցելու մեջ:

«Թե ինչո՞ւ են փորձում իրական տերերը խուսափել, իրենց ականջները ցույց տալ, դրա վրա եմ զարմացած: Նորից եմ ասում, նորմալ գործ է, թող կառուցեն շենքը, ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում: Վատ բանն այն է, որ, ուղղակի, որոշ մարդիկ փորձում են իրենց ականջները ծածկել իմ հետեւում»,- ասել է Հ. Աբրահամյանը, հավելելով. «Դա շատ վատ բան է: Իրականությունը կարող են ասել, որ ով է կառուցում, եւ իմ կարծիքով պատկան մարմինները լիովին տիրապետում են, թե ովքեր են հեղինակները»: