Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 20-ի կեսգիշերին ահազանգած կինը հայտնել է, որ Թաիրով գյուղի գիշերային ակումբներից մեկում, որտեղ ինքը պարուհի է, հաճախորդները ծեծում են իրենց աղջիկներին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից

Մեկնած օպերատիվ խումբը ակումբի հաճախորդ Արտաշես Շիրինյանին եւ պարուհիներին հրավիրել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ Շիրինյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աղջիկներին չի հարվածել, խփողն ընկեր էր, ոմն Վահանը, ինքը փորձել էր թույլ չտալ:

Պարզվում է՝ վիճաբանությունը սկսել էր այն ժամանակ, երբ Շիրինյանը պարզել էր, որ բաճկոնի ծոցագրպանից անհետացել է շուրջ 1 մլն. դրամը:

Նա ոստիկաններին հայտնել է, որ իրեն մոտեցել է միայն պարուհի Անին եւ նա էլ գաղտնի հափշտակել է փողը:

«Էդ կողքի տղեն գոռաց, ասեց՝ լույսերը վառեք, գումար ա կորել մեր մոտից, Անիին ասեք թող գա, ու ինձ քրֆեց, լույսերը վառեցինք, սաղս հելել ենք իրանց մոտ, ինքը առանց ոչ մի բան ինձ քֆուր արեց ու խփեց »,-ոստիկանությունում ասել է ծեծի ենթարկված պարուհին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Վահանի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: