Հայաստանի ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ չունի այնպիսի ձեռնարկություն, որտեղ հարկային մարմինները պետք է ստուգումներ իրականացնեն: Այս մասին նա լրագրողներին ասել է սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում նոր դահլիճի ցուցադրության ժամանակ:

Լրագրողները հերաքրքրվել են, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի տեղեկություններն այն մասին, որ հարկային կառույցը ստուգումներ է իրականացնելու Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում, եւ դրանց առաջին փորձի ժամանակ Աբրահամյանի եղբայրը Մխչյանի գինու գործարանում պատասխանել է օդ կրակելով:

«Ընդհանուր առմամբ ասեմ ձեզ, որ նման որեւէ պատճառ չկա, որ նման հերյուրանքներ տարածվի: Իրականությանը չի համապատասխանում, կամ ես չունեմ տենց ձեռնարկություն, որ պիտի գնան ստուգեն: Ընդհանրապես, կարծում եմ, որ հարկային տեսչություն-ԱԺ նախագահ, դրանք տարբեր բարձունքների վրա են եւ Պետեկամուտների կոմիտեի հետ ընդհանրապես մենք չենք առնչվում: Առնչվում ենք այնքանով, երբ որ իրանք օրենքներ են ներկայացնում Ազգային Ժողովում: Եվ ես որեւէ պատճառ չեմ տեսնում նման հերյուրանքներ տարածելու համար, կամ գինու գործարան, կրակոցներ: Եվ ընդհանրապես ես շատ լավ եմ նայում, որ հարկային տեսչությունը ստուգում է ձեռնարկությունները: Եթե յուրաքանչյուր ձեռնարկություն, գործարար, որը ազնիվ, արդար հարկերը վճարում է, դա ինչ ունի վախենալու ստուգումներից: Թող ստուգեն: Հիմա նույնը ես ասում եմ իմ մոտիկներին, կամ իմ եղբորը, եթե իրենք նորմալ հարկերը վճարում են, ուրեմն վախենալու ոչ մի բան չունեն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: