«Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը»,- ասված է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի սեպտեմբերի 8-ի հայտարարության մեջ, որը տարածել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:

Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետի խոսքով, շաբաթվա սկզբում Բաքվում արած իր հայտարարությունը մամուլի հաղորդագրություններում ընտրողաբար է մեջբերված եւ աղավաղված է: Սեմնեբին նաեւ վերահաստատել է «Եվրամիության նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման Հելսինկյան սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորմանը նպաստելուն, որը բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականներին թույլ կտա վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը»:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը սեպտեմբերի 7-ի «Պիտեր Սեմնեբին ԼՂ հարցում դե՞մ է գնացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մոտեցումներին» հրապարակման մեջ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքվում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդիպում էր ունեցել  այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ, եւ հայտարարել, թե իր նպատակն է ուսումնասիրել համայնքի կարծիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին:

Եվրոպացի պաշտոնյան շեշտը դրել էր ադրբեջանցի բռնի տեղահանվածների վերադարձի վրա՝ նկատելով, որ այդ հումանիտար խնդիրը լուրջ խոչընդոտ է Հարավային Կովկասի տարածաշրջանի զագրացման համար: Բաքվից, Կիրովաբադից եւ Սումգայիթից հարյուր հազարավոր հայ փախստականների ճակատագրի մասին նա հարկ չի համարել խոսել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Սեմնեբիի խոսքով, համաձայնագրի ստորագրման ժամանակ պետք է հաշվի առնվեն երկու հարցեր. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու բռնի տեղահանվածների վերադարձը հարազատ վայրեր»:

NEWS.am-ն ընդգծել էր, որ այդկերպ, բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան, փաստացի, դեմ էր արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մոտեցումներին, որոնք ընդգծել էին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են երեք կարեւոր սկզբունքներ՝ պետության տարածքային ամբողջականության պահպանումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Սեմնեբին, եթե նրա խոսքերը չեն աղավաղում ադրբեջանցի լրագրողները, ի հեճուկս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ընդգծել է միայն մեկ սկզբունքը:

Այժմ հետեւել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հերքումը, որը փաստացի մեր հրապարակման պատասխանն է: