Թե ով կլինի Ազգային ժողովի նախագահ, կորոշի Հանրապետական կուսակցությունը եւ նրա նախագահը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջում, որ հաջորդ գումարման ԱԺ նախագահ է լինելու Արթուր Բաղդասարյանը, Հ. Աբրահամյանն արձագանքել է. «Ընդհանրապես, Ազգային Ժողովի նախագահին որոշում են ընտրողների քվեների արդյունքով: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը, ՀՀԿ-ում որոշվել է, որ պարոն Թորոսյանը ղեկավարի Ազգային Ժողովը, այնուհետեւ ընտրվել եմ ես: Համոզված եմ, որ 2012 թվականին հանրապետական կուսակցությունը ընտրությունների արդյունքում կունենա մեծամասնություն, իսկ ով կլինի խորհրդարանի նախագահ, դա կորոշի կուսակցությունը եւ կուսակցության նախագահը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե արդյոք ինքը հույս ունի՞, որ ինքը կլինի ԱԺ նախագահ, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Ես ընդհանրապես միշտ հույսեր ունենում եմ»:





























