ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հստակ նշել է, թե շփման գիծը սահման չէ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ստեփանակերտում Ֆասիեի արած հայտարարությունը, թե հատելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գիծը, միջնորդներն ուզում են ընդգծել, որ դա սահման չէ:
«Իհարկե, շփման գիծը սահման չէ, քանի որ դրանցից այն կողմ եւս Լեռնային Ղարաբաղի տարածքներն են՝ պարզապես զավթված Ադրբեջանի կողմից: Ակնհայտ է, որ ԼՂՀ տարածքի մի մասը չի կարող բաժանվել մյուսից սահմանով»,- նկատել է Շարմազանովը: Նա նաեւ չի բացառել հնարավորությունը, որ ֆրանսիացի համանախագահը դիվանագիտական լեզվով ակնարկել է, որ վաղ, թե` ուշ, Ադրբեջանի զավթած տարածքները պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղին:
Նշենք, որ այս օրերին Մինսկի միջնորդները գտնվում են տարածաշրջանում: Նրանք արդեն հանդիպել են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, հատել շփման գիծը, իսկ այսօր ժամանել են Երեւան, որտեղ հանդիպել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդուարդ Նալբանդյանին:





























