Ազգային Ժողովի նախագահը հիացած է ԱԺ նիստերի նոր դահլիճի տեսքով: «Օրը երկու անգամ նայում եմ, եւ գոհ եմ որակից եւ տեսքից շատ գեղեցիկ է լինելու: Ես դրա համար ուրախ եմ»,- լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնելով, որ դահլիճի շինարարությունը կարժենա 480 միլիոն դրամ եւ կավարտվի սեպտեմբերի 25-ին:

Այսօր` սեպտեմբերի 9-ին ԱԺ ղեկավարությունը հնարավորություն է տվել լրագրողներին եւս ծանոթանալ ԱԺ նիստերի դահլիճի նորոգմանը, որն ընթանում է արդեն մի քանի ամիս: Հիշեցնենք, որ այդ միջոցներով ուղղանկյուն դահլիճը դառնալու է օվալաձեւ եւ նոր ձեւավորում է ունենալու:

 Հարցին, թե շռայլություն չէ՞, արդյոք, ներկա ճգնաժամային պայմաններում այդքան փող ծախսել դահլիճ նորոգելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե դահլիճի վերանորոգման խնդիրը 2002-ից եղել է ծրագրի մեջ, քննարկվել է հանրապետության նախագահի հետ, բայց միշտ հետաձգվել է: Այս տարի, ըստ նրա, երկրի նախագահը համաձայնել է բյուջեից փող հատկացնել այդ նպատակով:

ԱԺ նախագահը համոզված է, որ 480 միլիոն դրամն այնքան էլ շատ չէ, իսկ խորհրդարանի դահլիճը պետք է գեղեցիկ լինի, որովհետեւ ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Նա լրագրողներին կոչ է արել դահլիճի տեսքի մասին դրական արձագանքել: