Իրանական Sunir ընկերությունն արդեն սկսել է Իրան-Հայաստան  400-կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում իրանական Sunir ընկերության ներկայացուցչության տնօրեն Համիդ Ռեզա Կատուզիանը Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների եւ  «Ռուսցանցեր» ՀԲԸ-ի գլխավոր տնօրենի Երեւանում ընթացող հանդիպման շրջանակում:  

Այժմ իրանական կողմը հողային աշխատանքներ է իրականացնում ապագա «Նորավան»   440/220/20-կՎ ենթակայանի համար: «Հողային աշխատանքներ ենք կատարում եւ մաքրում ենք մուտքուղիները», - նկատել է Կատուզիանը:

Իրանական ընկերությունը գծի կառուցումը կսկսի   2016-ի ապրիլից, իսկ աշխատանքների ավարտը նախատեսված է 2017-ի օգոստոս-սեպտեմբերին:  ՀԵԳ-ի իրանական հատվածը մինչեւ հայկական սահման արդեն   6 տարի է` պատրաստ է: «Իսկ այժմ կարողացանք նաեւ Հայաստանում շինարարություն սկսել», - հավելել է Կատուզիանը:

Գարնանը իրանական կողմը կսկսի ավելի ցածրադիր գոտիների հատվածները կառուցել, իսկ ամռանը կանցնի բարձրադիր գոտիներին:  «Կառուցել կսկսենք անմիջապես   6 հատվածում. Մի խումբը կաշխատի Հրազդանի մոտ, մյուսը` Եղեգնաձորի, երրորդը` Մեղրիի, չորրորդը` Նորավանի:  Հատվածների բաժանվելով` մենք կկարողանանք ավելի արագ մեկ ամբողջության մեջ միավորել գիծը: Հնարավորության սահմաններում կօգտագործենք հայ կադրերի գիտելիքներն ու հմտությունները», – հավելել է նա:

Գիծը Մեղրուց Հրազդան կհասցվի, որտեղ Հրազդանի ՋԷԿ-ից մոտ  10 կմ հեռավորության վրա նախատեսված է 440/220 կՎ հզորությամբ ենթակայան կառուցել: Այդտեղից, բայց արդեն այլ ծրագրով (գերմանական KfW բանկի վարկով եւ EIB-ի եւ Եվրամիության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր գումարը   105,2 մլն եվրո է կազմում) դեպի Վրաստան նոր 400-կՎ լարման ԷՀԳ կկառուցվի:  

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան 400-կՎ ԷՀԳ-ի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2015-ի օգոստոսին` Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ Իրանի Արտահանման զարգացման բանկի միջեւ: Նախագծի ընդհանուր արժեքը   107,9 մլն եվրո է: Դրա 77 տոկոսը կտրամադրի իրանական Բանկը,  23 տոկոսը` հիմնական կապալառուն` Sunir ընկերությունը: ԷՀԳ-ի ընդհանուր երկարությունը  279 կմ կկազմի:

Երկու շղթայով 400 կՎ հզորությամբ գիծը երկու երկրի միջեւ էներգետիկ հաղորդագծերի հնարավորությունը   350-ից կհասցնի 1 000 մՎ-ի եւ կբարձրացնի Հայաստանի կենտրոնում եւ հարավում էներգամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի հուսալիությունը, որոնք զուգահեռ ռեժիմով են աշխատում: