Հնդկաստանի հեռահաղորդակցության ոլորտի վերահսկիչ մարմինը (Telecom Regulatory Authority of India, TRAI) Reliance Communications բջջային օպերատորից պահանջել է արգելափակել Facebook-ի Free Basics ծառայությունը , որը բազմաթիվ հանրահայտ հավելվածների ու կայքերի անվճար մուտքի հնարավորություն է տալիս, հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Times of India-ն:

Ճշգրտում են , որ կարգավորողը խնդրել է անորոշ ժամանակով արգելափակել մուտքը: Երկրի իշխանությունների հաղորդագրությամբ , պահանջը բավարարվել է, ու այս պահին ծառայությունն անհասանելի է: Սակայն թերթի տվյալներով , իշխանությունների հայցը ստացվել էր երկու շաբաթ առաջ , իսկ ծառայությունն առայսօր գործում է:

Facebook-ից չեն հաստատել՝ արդյոք ընկերությունը տեղեկացված է եղել հնարավոր խնդիրների մասին: Սոցցանցում միայն նշել են. «Մենք աշխատում ենք Reliance-ի ու տեղական իշխանությունների հետ , որպեսզի մեր Free Basics ծրագրի օգնությամբ Հնդկաստանին ապահովենք ինտերնետով»:

Հնդկաստանում շատ օգտատերեր ու փորձագետները քննադատել են Facebook –ի տվյալ նախաձեռնությունը: Մասնավորապես նրանց դուր չի գալիս այն փաստը , որ սոցցանցը չի տրամադրում ամբողջ համացանցի հասանելիություն ու յուզերներին երկու խմբի է բաժանում մի մասը կարող է ինտերնետի լիարժեք մուտք ստանալ , իսկ մյուս կեսը կարող են օգտվել միայն սոցցանցի անվճար պլատֆորմայից: Ընկերությունն ինքը ակտիվ պաշտպանում է իր նախաձեռնությունը: Օրինակ՝ Facebook –ը սկսել է մի արշավ , որը Հնդկաստանում սոցցանցի օգտատերերին կոչ է անում Free Basics-ի աջակցությամբ ավտոմատ նամակներ ուղարկել TRAI աշխատակիցներին: