Մինչև 2019 թ. Հայաստանը կկարողանա քառապատկել Իրանի հետ «էլեկտրականություն գազի դիմաց» սխեմայով փոխանակությունը: Այս մասին դեկտեմբերի 23-ին Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Հիմա իրանական ուղղությամբ երկու գծերն էլ (2 էլեկտրամատակարարման գծեր՝ յուրաքանչյուրը 22 կՎ հզորությամբ ) ամբողջովին ծանրաբեռնված են: Իսկ ահա գազամուղը 20 տոկոսից էլ քիչ է ծանրաբեռնված՝ տարեկան 2.2 մլրդ խորանարդ մետր հզորության դեպքում միայն 375 մլն է օգտագործվում:

Անհրաժեշտ թողունակություն կապահովի Իրանի ու Հայաստանի միջև երրորդ էլեկտրամատակարարման գիծը՝ 400 կՎ հզորությամբ, որը ծրագրում են ավարտել մինչև 2018 թ., հավելեց նախարարը: Հաջորդ խնդիրն է լինելու գեներացիայի ավելացումը:

Այս հարցում իրանական կողմն արդեն համաձայնություն է տվել Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում 234 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի շինարարությանը: Այն կդառնա Հայաստանում իրանական գազով աշխատող երկրորդ էլեկտրակայանը՝ Երևանյան ՋԷԿ-ից հետո: