Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 9-ին ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։ Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է եւ Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։
ՀՀ վարչապետը կարեւորել հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Նիստի շրջանակներում նախատեսված է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի եւ Բուլղարիայի «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության» միջեւ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորություններին։




























