Disput.Az կայքը զրուցել է միջազգային գրոսմայստեր, Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկի` Վուգար Գաշիմովի հետ, որին հեռացրել են այդ երկրի ազգային հավաքականից:

Վուգար, վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ ձեր մասին տհաճ բաներ են հրապարակում: Ձեզ կշտամբում են ինտրիգների եւ անարժան վարքի համար…

Այո, ես լսել եմ այդ մասին, եւ, անկեղծ ասած, շատ տհաճորեն զարմացել եմ: Ինձ մեղադրում են ոչ թիմային վարքի մեջ, իբր ես ինտրիգներ եմ հյուսել, թեւ, իրականում, ես միշտ կողմ եմ եղել, որ թիմի ճակատագիրը որոշի հենց թիմը, այլ ոչ թե կողմնակի մարդիկ: Ես միշտ առաջին հերթին մարզիկ եմ եղել եւ հիմնական տեղը խաղին եմ տվել, ոչ թե անդրկուլիսային «պարտիաներին»:

Լուրեր են շրջանառվում, որ ձեզ բազմիցս հրավիրել են նախարարություն, շախմատային ֆեդերացիա, իսկ դուք հրաժարվում եք կոնտակտի մեջ մտնել:

Ով այդպիսի բան է ասում` հավաստի տեղեկատվություն չունի: Ինչքան էլ հասարակ հնչի, բայց, իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Ես փորձել եմ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման մասնակցել, որպեսզի նրան հայտնեմ իմ խնդիրների եւ ծրագրերի մասին: Ես մշտապես ձգտել եմ իմ ծրագրերը հասցնել նաեւ նախարարությանը: Երբեք չեմ խուսափել հանդիպումներից, այլ ընդհակառակը` բազմիցս եղել եմ դրանց նախաձեռնող` հուսալով, որ ինձ կլսեն: Բայց տեսնում ենք, որ առայժմ ամեն ինչ հակառակն է ստացվում. Երկրից իմ բացակայության ժամանակ, օգնության փոխարեն, իմ դեմ իսկական հալածանք են սկսել:

Ասում են, թե դուք հրաժարվել եք խաղալ մեր ակումբի կազմում, բայց հանդես եք եկել Կասպարովի ակումբում… ձեզ մեղադրում են հայերի հետ չափից դուրս սերտ կապերի մեջ…

Ներողություն, բայց սա ուղղակի զառանցանք է: Ես, հավանաբար, ձեզ կզարմացնեմ, բայց մեր ֆեդերացիան նախ ինձ մայիսին չհրավիրեց նախագահի գավաթի խաղարկությանը, ես նաեւ հրավեր չստացա խաղալ Բաքվի SOCAR ակումբի կազմում, հետո ինձ չհրավիրեցին համաշխարհային Օլիմպիադայի` հեռացնելով հավաքականից եւ աբսուրդային մեղադրանքներ ներկայացրին` կապված հայերի հետ:

Կուզենայի այս հարցին ավելի մանրամասն անդրադառնալ: Առաջին հերթին` ես խաղում էի «Կասպարով-Մարկոտե» միջազգային դպրոցի թիմում, որը հիմնադրվել է դեռեւս 1991-ին` Մարկոտեի եւ Կասպարովի մասնակցությամբ: Մարկոտեն վաղուց մահացել է, իսկ Կասպարովն արդեն երկար տարիներ այդ ակումբից հեռացել է: Իսկ անվանումը մնացել է 90-ականների սկզբից, երբ ակումբ դեռ չկար, այլ կար միայն շախմատային դպրոց, որի հիման վրա էլ հետագայում ստեղծվեց ակումբը: Ի դեպ, ակումբն այժմ 100 տոկոսով պատկանում է իսպանացի գործարարի եւ հենց իսպանացուց` թիմի ավագ եւ Իսպանիայի հավաքականի երկրորդ համար Ֆրանսիսկո Վալյեխոյից եմ ստացել հրավեր` խաղալ այդ ակումբի կազմում: Նույնիսկ ահավոր երազում որեւէ շախմատիստ չէր կարող պատկերացնել փաստերի նման խեղաթյուրում: Բացի այդ, սխալ եմ համարում թեման այսպիսի հարթություն տեղափոխելը… Չէ որ այսկերպ մենք հարված ենք հասցնում սեփական վարկին` մեր թշնամիներին եւս մեկ առիթ տալով մեզ մեղադրել անհանդուրժողականության համար: Ու թեեւ ես երբեք չեմ խաղացել հայի հետ նույն թիմում, էլ չեմ խոսում հայկական ակումբում հանդես գալու մասին` մեր որոշ շախմատիստներ հայ շախմատիստի հետ նույն ակումբում են խաղացել: Օրինակ` Թիմա Ռաջաբովը Հակոբյանի հետ նույն ակումբում էր խաղում: Եթե այսպիսի կատեգորիաներով դատենք, ապա ես նույնիսկ վախենում են պատկերացնել թե ինչ անարգանք էր սպասվում Թեյմուրին, եթե նա հայտնվեր իմ տեղում…

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարն այդպես խիստ քննադատում ձեզ:

Ազադ Ռագիմովը հարգանք վայելող մարդ է եւ շատ բան է անում Ադրբեջանում սպորտի զարգացման համար եւ ինձ համար ցավալի է այդ ամենը կարդալ նրա անունից, քանի որ վստահ եմ, որ նրան ապատեղեկացրել են: Բայց ամենակարեւորն այն է, որ այս ինտրիգները հյուսող մարդիկ մնում են ստվերում:

Դուք կուզենայի՞ք խաղալ Ադրբեջանի հավաքականի կազմում, թե՞ արդեն այդպիսի ցանկություն չունեք:

Պատասխանը միանշանակ է. իհարկե` այո: Ինձ համար Ադրբեջանից թանկ ոչինչ չկա, եւ ինչ ուզում են ասել մեջքիս հետեւում, ինչ էլ վերագրեն ինձ, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվի: Ես խոստացել եմ նախագահին անել հնարավորը` մեր երկիրը փառավորելու համար: Երբ ժամանակին իմ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում մեզ հաղթանակ բերեց, բոլորն ինձ հրաշալի տղա էին անվանում, բայց ի՞նչ է փոխվել այդ ժամանակից: Ես նույնն եմ, իսկ վերաբերմունքն իմ նկատմամբ որոշ մարդկանց կողմից չգիտես ինչու` այլ է: Թող դա մնա իմ դեմ արշավ սկսած մարդկանց խղճին: Ես ինտրիգներից դուրս եմ եւ սադրանքների չեմ ենթարկվի: Այսօր ես խաղում եմ, մարզվում եմ, գնում եմ հավաքների միայն իմ հաշվին, առանց հովանավորների… Եվ ես, իսկապես, այլանդակությունների ժամանակ չունեմ, ես պետք է մտածեմ իմ կարիերայի մասին: