ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու Երեւանի բնակարաններից մեկից գողության կատարած անձանց ինքնությունը:
2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչեւ 2015 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել Երեւան քաղաքի Հանրապետության փողոցի 62 շենքի բնակարաններից մեկը եւ հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր, «նոթբուք» համակարգիչ, կանխիկ գումար՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերի հատկանիշներով:
Քրեական գործով ստացվել են շենքի տարածքում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











