Իրանը մտադիր է մինչեւ 2011 թվականի մարտ ամիսը 1,3 մլրդ դոլարի ներդրումներ կատարել «Հարավային Պարս» կոչվող գազի հսկա հանքավայրի ավարտական փուլի վրա: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Իրանի ազգային նավթագազային Pars Oil and Gas Company (POGC) ընկերության ղեկավար Ալի Վաքիլին, հաղորդում է RBC-ն: Նրա խոսքով, նախագծի ֆինանսավորումը կատարվելու է պետական պարտատոմսերի թողարկման եւ այլ աղբյուրներից միջոցներ հայթայթելու հաշվին:
Նշենք, որ նախորդ ամիս Իրանի նավթի նախարար Մասուդ Միրկազեմին հայտարարել էր, որ Հարավային Պարսում բոլոր նավթագազային հանքավայրերը շահագործման հանձնելուց հետո, տվյալ հանքավայրից էներգակիրների արդյունահանումը Իրանին կբերի շուրջ 100 մլրդ դոլարի եկամուտ:
Հարավային Պարսը գտնվում է Պարսից ծոցում եւ համարվում է աշխարհում գազի ամենամեծ հանքավայրը. Նրա ռեսուրսները գնահատվում են 50,97 տրիլիոն խմ գազ եւ մոտ 50 մլրդ բարել կոնդենսատ:
Հարավային Պարս հանքավայրը գտնվում է Պարսից ծոցի Իրանի եւ Կատարի ափերին: Իրանական մասում, տարբեր հաշվարկներով, 14 տրիլիոն խմ գազ կա, ինչը համաշխարհային գազի պաշարների 8 տոկոսն է կազմում:




























