Ոստիկանության աշխատակիցների ջանքերով պարզվել է սեպտեմբերի 6-ին, Յան Ռայնիսի փողոցի 90 շենքի բնակարաններից մեկից գողության հեղինակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ բնակարան մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 1-ին 18-ամյա Արփինե Գ.-ն, գաղտնի տիրանալով սկեսուրին` Զվարթ Հ.-ին, պատկանող մետաղյա պահարանի դռան բանալիներին, այնտեղից հափշտակել է 700.000 դրամ, 200 ԱՄՆ դոլար եւ 35.000 դրամ արժողության ոսկյա շղթա:

Պարզվել է նաեւ, որ Արփինե Գ.-ն սեպտեմբերի 5-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, քնած Զվարթ Հ.-ի բարձի տակից գողացել է 400.000 դրամ եւ հեռացել:

Նույն օրը, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Լեփսիուսի փողոցի 23 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել Արփինե Գ.-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը: