Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում սպանված հայտնաբերվածը «Գուդվինի» աշխատակից 28-ամյա Արթուր Նազարյանն է:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին դեպքի վայրում հավաքվածները:

Արթուր Նազարյանի դին հայտնաբերել է նրան հերթափոխելու եկած աշխատակիցը, որն էլ ահազանգել է ոստիկանություն:

Ըստ դեպքի վայրում աշխատող իրավապահների՝ տղամարդու դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան: Առայժմ հայտնի չէ՝ ինչով են սպանել Արթուր Նազարյանին: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ ամբողջությամբ պատված է արյունով: Իրավապահները կասկածներ ունեն, որ աշխատակիցը սպանվել է կոտրված ապակե իրերի կտորտանքներից մեկով:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնում են, որ դեռ հաստատված չէ, գրասենյակի դրամարկղից գումար գողացել են, թե ոչ:

«Տարածքում տեսախցիկ չկա, պարզ չէ՝ գողություն արել են թե, ոչ, հիմա քննիչներն աշխատում են, կպարզվի դեպքի հանգամանքները»,-ասաց բուքմեյքերական գրասենյակի առջեւ հավաքվածներից մեկը:

Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները  եւ քննիչները   հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որից հետո պարզ կլինի, թե Արթուր Նազարյանն ինչ վնասվածքներից է մահացել: