Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներողություն չի խնդրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմակերպած ծեծկռտուքի համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, իբր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն խնդրել է: Սակայն ոչ վրացական լրատվամիջոցները, ոչ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրվա ընթացքում նման տեղեկություն չէին տվել: Վրացական ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում եւս ներողության տեքստը բացակայում է:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել էր հայկական ընտրանու հաղթանակով: Առաջին խաղում, որ կայացել էր օգոստոսի 11-ին Երեւանում, 3:2 հաշվով հաղթել էին վրացիները: Խաղից հետո վրացի ֆուտբոլիստները ծեծկռտուք էին հրահրել հայկական հավաքականի հետ, երբ հայ ֆուտբոլիստները հաղթական պար էին պարել հայկական տրիբունայի առջեւ:
Թիմերի ղեկավարության միջամտության շնորհիվ հնարավոր էր եղել խուսափել ձեռնամարտից: Պարեկային ոստիկանությունը, վերահսկողություն սահմանելով, ապահովել էր հայ ֆուտբոլիստների եւ երկրպագուների անվնաս հեռացումը մարզադաշտից:




























