Վլադիկավկազում «տաք հետքերով» երեք անձ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են քաղաքի շուկաներից մեկում ահաբեկչական պաթյունի կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, վերջին տվյալներով, սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած  ահաբեկչության տուժածների թիվն աճել է, հասնելով 138-ի: Հիվանդանոցներում են մնում 110 հոգի: Որոշվել է, որ նրանցից 10-ը բուժման նպատակով կուղարկվեն Մոսկվա:

Վերջին տվյալներով, ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը 17 է, այդ թվում նաեւ մահապարտ-ահաբեկիչը: Զոհերի թվում կա Հայաստանի քաղաքացի: Զոհերից եւս երկու հայեր ՌԴ քաղաքացի են: Վլադիկավկազի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում տեղադրել է զոհերի ու վիրավորների ճշտված ցուցակները, որտեղ կան 4 հայեր:

Նաիրա Ալեքսանդրի Ավանեսյան` 50 տարեկան

Լ. Կասպարյանց` 51 տարեկան

Շահնազար Ջավոդի Շահնազարյան` 81 տարեկան

Արթուր Մարատի Էլբակյան` 25 տարեկան:

Նոր ցուցակում ներառված է 113 անուն:

Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենայով սեպտեմբերի 9-ի առավոտյան պայթեցրել է իրեն Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ: Ռումբի հզորությունը կազմել է 25-30 կգ տրոտիլային համարժեքով: Զոհվել է 16, վիրավորվել 123 մարդ: Զոհերի ու վիրավորների թվում կան կանայք ու երեխաներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երեք հոդվածներով, այդ թվում` ահաբեկչության: