25-ամյա Վաչե Ղարիբյանը մարդ-ռոք խումբ է. երիտասարդ երաժիշտը իր գրած երաժշտությամբ եւ տեքստով երգերը ձայանգրում է միայնակ` իր սենյակում համակարգչի օգնությամբ: Ասում է`դժվար է իր խառը ճաշակը կիսող երաժիշտների գտնելը: Բացի այդ, միայնակ կարող է անել այն, ինչ ուզում է:
Վաչեն «քառատել է իրեն», չորս պրոյեկտ ունի, որոնցում արտահայտված են նրա բնավորության տարբեր կողմերը։
Երաժիշտն ասում է՝ 2012-ից ընկերություն է անում իր Vatche պրոյեկտի հետ, որը չորս պրոյեկտներից ամենաՎաչեն է, ոտքից գլուխ ինքն է։
Vatche-ն ոչ մի սահմաններ չունի, չի վախենում ոչ շատ ծանր, ոչ շատ թեթեւ լինելուց, զգացմունքային տեքստ գրելուց, կամ «քֆուր-քյաֆար» կապելուց։
«Vatche-ի համար մեկ է ամեն ինչ, ինքը ոնց կա, այդպիսինն է։ Ստանդարտ ես եմ, կոմֆորտի մեջ։ Էդ պրոյեկտը ստեղծվել է ռամկաներ չունենալու համար, հնարավոր է՝ իրեն չհասկանան, բայց բավական դժվար մարսելի է, Vatche-ն չի սպասում, որ իրեն հասկանան, ասում է, ինչ ուզում է»,-ասում է Վաչեն ու ավելացնում, գուցե, ամենաինքը լինելու պատճառով է պրոյեկտը կոչել է իր անվամբ։
Vatche էլեկտրո ռոք պրոյեկտի շրջանակում երաժիշտը միայնակ թողարկել է 67 երգ ներառող 7 ալբոմ։
«Ինքն ամենախառն ու անսահմանն է բոլորից ոճային առումով, որովհետեւ էլեկտրոնայինը միքսած է ռոքի, ինդիի հետ, նույնիսկ նու մետալի, պրոգրեսիվ ռոքի եւ ջազային էլեմենտներ ունի»,-ասում է երիտասարդ երաժիշտը։
Եթե Vatche-ն կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ, ապա «Կավիճ» պրոյեկտն ավելի զուսպ է, այստեղ Վաչեն արտահայտում է իր այն կողմը, որը կարող է շատերի կողմից հասկացվել եւ սիրվել։
««Կավիճը» օտար միջավայրում ես եմ՝ հանգիստ ու համեստ, երբեմն ռոմանտիկ, փորձում եմ շատ չխոսել։ Այս պրոյեկտում շատ ագրեսիվ բաներ չկան, տրամադրությունը խառն է, բայց՝ թեթեւ: Ինչքան էլ դեպրեսիվ է, սուիցիդալ, տխուր, բայց վերջում միշտ ինչ-որ հույս տալիս է»,-ասում է Վաչեն։
«Կավիճ» պրոյեկտը, որն ունի 29 երգից բաղկացած 1 ալբոմ, ինդի եւ էլեկտրո ռոքի ու փոփի խառնուրդ է։ Իր թեթեւության շնորհիվ՝ «Կավիճը» հասցրել է շատ սիրվել։ Վաչեն ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ այս պրոյեկտի շրջանակում համերգի պահանջով։ Ունկնդիրների կողմից դրական արձագանքը խոսում է այն մասին, որ Վաչեի էքսպերիմետը՝ «Կավիճ» պրոյեկտը կոմերցիոն դարձնելը, հաջողվել է։
Փանկ ռոք եւ ինդուստրիալ ռոք ոճի My Darkest Secret պրոյեկտում Վաչեն չարի ու ծանրի մեջ է, ասում է` խմած ես եմ: Այս պրոյեկտի միջոցով Վաչեն դուրս է հանում իր մեջ ժամանակ առ ժամանակ կուտակվող նեգատիվը:
«My Darkest Secret-ը շատ պոզով-պոչով, ինչ-որ դեմոնիկ երեւույթ է, ոչ մի սատանիստական բան, ուղղակի ինքը չար, ծանր, արագ ու սղոցող է: Միշտ էլ լինում է էդպիսի տրամարություն, ու նեգատիվն ինձնից դուրս է գալիս, մտնում է երգի մեջ, կամ ուղղակի դուրս է գնում»,-ասում է «պոզով-պոչով» պրոյեկտի շրջանակում չորս երգ թողարկած Վաչեն:
Երաժիշտ Վարդգես Հովեյանի հետ «Սավարշավանա» պրոյեկտում Վաչեն արդեն բարի է ու ժպտուն, ասում է` այստեղ ընկերներիս հետ խմած ես եմ, ռոքնռոլ ենք անում, արդեն 8 երգով ասում-խոսում-խնդում եւ սեր քարոզում:
Վաչեն ամեն ոճի մեջ ասելիք ունի, իրեն «քառատել» է հենց էմոցիաների ճիշտ բաժանում անելու համար, քանի որ կարծում է` մի պրոյեկտի մեջ սխալ է խիստ տարբեր տրամադրություններ դնելը:
Վաչեն հիթեր թողարկելու նպատակ չունի`ի տարբերություն հայ շատ երաժիշտների, որոնց երգերից շատերում, Վաչեի խոսքով, հոգի ու միտք չկա:
Մարդ-ռոք խումբ Վաչեն իր չորս պրոյեկտներում էլ մաքսիմալ անկեղծ է, ասում է` իր գրած ամեն մի երգն իր մի հատվածն է, տեսածի, զգացածի, իր վախերի, երազանքների ու հաճույքի պահերի ձայնային տարբերակն է, ինքն է՝ ձայն դարձած։

Լուսանկարը` Նազե Նազլումյանի











