Իրանի իշխանությունները հայտարարել են, թե անցած տարվա ամռանը Իրաքի հետ սահմանակից տարածքում ձերբակալված ԱՄՆ երեք քաղաքացիներից մեկը շաբաթ՝ սեպտեմբերի 11-ին ազատ կարձակվի:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել են Իրանի մայրաքաղաքի Esteqlal Hotel, որպեսզի ականատես դառնան ամերիկացու ազատ արձակմանը: Նշենք, որ իրադարձությունը համընկնում է սեպտեմբերի 11-ի  ահաբեկչությունների օրվան:

Դամասկոսի արաբագիտության ֆակուլտետի ուսանողներ Սառա Էմիլի Շուրդը, Շեյն Մայքլ Բաուերը եւ Ջոշուա Ֆաթալը ձերբակալվել էին 2009թ. հուլիսին՝ Իսլամական Հանրապետության սահմանի ապօրինի հատման համար: Նրանց մեղադրել էին լրտեսության մեջ, թեեւ երիտասարդները պնդել էին, որ մոլորվել են Ահմեդավա լեռնային տեղանքում: