Հայաստանի եզդի համայնքը Նոր տարին տոնում է ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Ըստ եզդիական օրացույցի` ապրիլի 13-ին ավարտվում է աշխարհաստեղծումը եւ սկսվում նոր տարին։ Նրանք իրենց Նոր տարին` Սարսալը, տոնում են եզդիների գլխավոր հրեշտակապետ Մալակե Տաոսի ծննդյան օրը, որին, ըստ եզդիների հավատքի, Աստված է ուղարկել իրենց պաշտպանելու: Սարսալը եզդիներն սկսում են մահացած բարեկամների շիրիմներին այցելությամբ` գնում են գերեզմաններ, մրգեր եւ ուտեստներ տանում եւ հենց այնտեղ էլ սեղան բացում եւ նշում Նոր տարին։

NEWS.am-ի հետ զրույցում «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ Սարսալի նախօրեին եզդի կանայք թխվածք եւ հաց են թխում, բաժանում կարիքավոր ընտանիքներին: Ծաղիկներով զարդարում են իրենց տան մուտքը, նվերներ տալիս միմյանց: Այնուհետեւ կանայք ձվեր են ներկում եզդիների դրոշի գույներով` կարմիր, սպիտակ, դեղին, ձվի միջուկն ուտում են, կեղեւը տարածում դաշտերում, որպեսզի բերքն առատ լինի:

«Այդ օրն անպայման պատրաստում ենք Քալաթոշ, որը տիպիկ եզդիական կերակրատեսակ է, այն պատրաստվում է 50 կանաչատեսակներից, որոնք հանդիպում են Հայաստանի տարբեր տարածքներում: Այս օրը շատ կարեւոր է եզդիների համար, 10 տարի առաջ եզդիական այս տոնն այսքան մեծ շուքով չէր նշվում, ընդամենը մի քանի տարի է, որ այսպես ենք նշում» ,-ասաց Սաշիկ Սուլթանյանը:

Բացի Սարսալից, Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչները  դեկտեմբերի 31-ի գիշերը տոնում են նաեւ քրիստոնյաների Նոր տարին: Սաշիկ Սուլթանյանի խոսքով, եզդիներն այն տոնում են այնպես, ինչպես հայերը` տոնական սեղան պատրաստում, տոնածառն ու տունը զարդարում, միմյանց հյուր գնում, պատրաստում նույն ուտեստները, որոնք հայերն են պատրաստում, բացի խոզի մսից։

Նշենք, որ Հայաստանում 11 ազգային փոքրամասնություններից ամենամեծը եզդի համայնքն է։  Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում ապրում է մոտ 40.000 եզդի, որոնք հիմնականում բնակվում են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:

Եզդիների կրոնը Շարֆադին է, որի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը, պարունակում է իրանական զրադաշտականության, մովսիսականության, քրիստոնեության և իսլամի տարրեր, այն նախաքրիստոնեական կրոն է, և ունի շատ հին արմատներ։