«Առավոտ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է իր անձի շուրջ մամուլում հրապարակվող տեղեկություններին:
«Ես տեղեկություններ ունեմ, որ նույնիսկ կան մարդիկ, որոնք Արարատի մարզում, գյուղերում մարդիկ են «ճարում»: 20-30 հազար դրամ փող են տալիս ու ուղարկում թերթերի խմբագրություններ եւ հերյուրանքներ տարածում իմ հասցեին»,-ասել է ԱԺ նախագահը եւ հավելել, որ հիմա նպատակահարմար չի գտնում հրապարակել այդ մարդկանց անունները: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաեւ թերթի մյուս հարցերին:
Ինչո՞վ եք պայմանավորում, որ միաժամանակ, տարբեր լրատվամիջոցներում Ձեզ վերաբերող այսքան հրապարակումներ կան:
Դրանք պատվերներ են: Սա նախանձի արտահայտություն է: Իմ կարծիքով, խառնաշփոթ ստեղծելու փորձեր են: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ փորձերն իրենց չեն հաջողվի: Եւ ավելի ճիշտ կլինի, որ իրենց ջանքերն օգտագործեն մի լավ բան անելու մեր երկրի համար:
Իսկ ո՞ր ճամբարում եք տեսնում պատվիրատուներին՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության:
Երկու տեղում էլ՝ ե՜ւ իշխանության մեջ կան, ե՜ւ ընդդիմության:
Իշխանության դաշտում կարծես յուրօրինակ մրցակցութուն կա:
Այո՜: Բայց ես ոչ մեկի հետ մրցակցելու ցանկություն չունեմ: Եւ կարծում եմ՝ որեւէ մեկին առիթ չեմ տվել, որ մրցակցի կամ իմ դեմ պատերազմ հայտարարի: Ես սիրում եմ պահել խաղի կանոնները եւ աշխատում եմ թիմի հետ միասին՝ անում իմ գործը: Բայց կրկնում եմ՝ իմ կարծիքով, նաեւ իշխանության մեջ էլ կա մարդիկ, որոնք անհիմն լուրեր տարածելով՝ փորձում են խառնաշփոթ ստեղծել:
Այդ լուրերն ավելացան, երբ տեղեկություններ հրապարակվեցին, թե իշխանական մի թեւի դիրքորոշումը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի է, եւ Ձեզ դիտեցին առավելապես այդ թեւում:
Կարող եմ վստահեցնել` մենք որեւէ խնդիր չունենք գործող նախագահի հետ: Եվ չեմ էլ կարծում, թե նման որեւէ խնդիր կարող է կապվել ՀՀ նախագահի հետ: Ուղղակի սա ավելի ներքեւի շրջանակների նախանձի արտահայտությունն է. փորձում են սեպ խրել իմ եւ նախագահի միջեւ, ինչը, իմ կարծիքով, իրենց չի հաջողվի: Նորից եմ հորդորում այդ մարդկանց` ավելի լավ է թող մի նորմալ գործ անեն երկրի եւ ժողովրդի համար:



























