Հայաստան արդեն Իրանից գիդեր են գալիս վերապատրաստման համար: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա հիշեցրել է, որ 2013-ին Հայաստանում Զբոսաշրջային գիդերի համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) միջազգային կրթական կենտրոն է բացվել, աշխարհում նման 3 կենտրոն կա ընդամենը (մյուս երկուսը Մալազիայում եւ Կիպրոսում են):
Հայաստանի մասնագետներն արդեն վաղուց են օգտվում կենտրոնի հնարավորություններից, իսկ 2015-ին առաջին անգամ այնտեղ օտարերկրյա մասնագետներ են դասընթաց անցել` իրանցի գործընկերներ, հավելել է Ապրեսյանը:
Ավելին` այս տարի Հայաստանի զբոսաշրջային օպերատորների միությունը, որը WFTGA-ի անդամ է, մասնակցել է Եվրոպական համանման ասոցիացիայի ֆորումին եւ այնտեղ խոստումնալից համաձայնություն է ձեռք բերեկ եվրոպացի, այդ թվում նաեւ` ռուսաստանցի գործընկերների ներգրավման վերաբերյալ:




























