Տուլայի մոտ վթարից վերջին տուժածները ամենաուշը դեկտեմբերի 27-ին Ռուսաստանից Հայաստան կտեղափոխվեն: Այս մասին 2015 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա հիշեցրել է, որ տուժածներից չորսը ծանր վիճակում էին, նրանցից մեկի մոտ կյանքին  սպառնացող վնասվածքներ կային: Նրանք բարձրտեխնոլոգիական օգնություն են ստացել, կատարվել են բարդագույն վիրահատություններ:

Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ Տուլայի մոտ վթարի հետեւանքով տուժած Հայաստանի բնակիչները գտնվում էին երկու երկրների՝ Ռուսաստանի ու Հայաստանի առողջապահության նախարարությունների վերահսկողության տակ, սահմանվել է փոխնախարարների մակարդակով ամենօրյա վերահսկողություն:

«Մենք կարող ենք շրջել այս պատմության չարաբաստիկ էջը ու անցնել տուժածների ռեաբիլիտացիային»,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ էր տուժել: 9 մարդ զոհվել էր: