Ավիատիեզերական ARCA ընկերությունը ներկայացրել է թռչող տախտակի (հովերբորդի) տարբերակ, որն առավելագույնս մոտ է   «Հետ դեպի ապագա» ֆիլմի նմանատիպ սարքին:  Այդ մասին տեղեկացնում է Gizmag-ը` հատկապես նշելով ընկերության վստահելիությունը եւ նախագծի լրջությունը: 

Ի տարբերություն միակնանի Hoverboard տախտակի, ինչպես նաեւ  Hendo եւ Lexus ընկերությունների հովերբորդերի, որոնք աշխատում են մագնիսական բարձիկի վրա,   ArcaBoard-ն ի վիճակի է սավառնել ցանկացած մակերեւույթի վրա` բետոնի, ավազի, ջրի:   Տախտակը բարձրանում է 36 հզոր էլեկտրաշարժիչի միջոցով, որոնց ընդհանուր հզորությունը 270 ձիաուժ է: ArcaBoard-ը թռչում է մակերեւույթից   30 սմ բարձրության վրա, տեղեկացնում է Lenta-ն:

Սակայն հարմարավետությամբ եւ հավաքությամբ նկատելիորեն զիջում է Մարտի Մաքֆլայի սարքին: Նրա չափերն են`  145,  76, 15 սմ, կշռում է  82 կգ (այսինքն տեղափոխելու համար առնվազն երկու մարդ անհրաժեշտ կլինի):

Տախտակը կարող է թռչել մոտ վեց րոպե, դրանից հետո անհրաժեշտ է լիցքավորել   (վեց ժամ, բայց 4,5 հազար դոլարով հատուկ լիցքավորող կայանի գնումը այդ ժամկետը նվազեցնում է մինչեւ   35 րոպե): Հովերբորդի կառավարումն իրականացվում է «օդաչուի» մարմնով կամ հատուկ հավելվածի օգնությամբ, որը ձեռքերի շարժումները վերածում է նավիգացիոն հրահանգների: