Այսօր` սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամաքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատական հերթական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեականհետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Այսօր նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով, քանի որ մեղադրյալներից Մորիս Հայրապետյանի փաստաբանը տեղեկացրել էր, որ ուշ է գալու: Այս մասին NEWS.am-ին դատարանի դահլիճից հայտնեց Գագիկ Շամշյանը:

Մեղադրյալ Աշոտ Հարույթունյանն այսօր հակադարձեց մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանի կողմից արված այն հայտարարությանը, թե մեղադրյալ Հարությունյանը վաղուց ունի աղիների դիսբակտերիոզ եւ դատական նիստի ժամանկ նրա առողջական վիճակի վատթարացումը իր հիվանդության հերթական դրսևորումներից մեկն է: Ա. Հարությունյանի խոսքով, ինքը երբեւէ նման հիվանդություն չի ունեցել եւ այն ձեռք է բերել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Ի պատասխան, Փիլոյանը նշեց, որ ինքը նման բան հայտարարել է հիվանդին հետազոտած բժշկի եզրակացությունից հետո:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, որ նախաքննական մարմինը փորձել է իր հետ գործարքի մեջ մտնել, մասնավորապես` առաջարկել է իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից Հարությունյանը հրաժարվել է: Նա նաեւ հայտարարել էր, որ Վահան Խալաֆյանն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են: Իսկ Աշոտի մայրն էլ, նշել էր, որ իրենք գիտեն մարդասպանի անունը, բայց վախենում են հրապարակել այն, քանի որ Աշոտին կարող են վնաս տալ:

Այս պահին դատական նիստն ընթանում է եւ դատախազ Հարություն Հարությունյանը ներկայացնում է Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները, մասնավորապես, դիակի հետազոտման եւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Այդ ընթացքում դատարանի դահլիճում նստած Վահանի մայրը եւ հարազատները անեծքներ էին տեղում ամբաստանյալների հասցեին:

Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի