Կրկին արդիական է դարձել գազի գնի բարձրացման հարցը, եւ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում գործընկերների հետ նոր տարիֆային քաղաքականության ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան սարգսյանը:

Նրա խոսքով, առաջիկա երկու ամիսների ըթնացքում «Հայռուսգազարդ» ընկերությունը հանդես կգա գործընկերների հետ խորհրդատվությունների վերաբերյալ հայտարարությամբ: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տարիֆային քաղաքականությունը քննարկվել է դեռ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ընթացքում: «Այդ հարցը միշտ մնալու է մեր ուշադրության կենտրոնում»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցներին ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտնել են, թե առաջիկայում անցնելու են գազամատակարարման եվրոպական տարիֆների կիրառման: Արտոնյալ տարիֆներով օգտվող երկրները՝ Բելառուսը, Հայաստան եւ Մոլդովան բախվելու են ռուսական գազի թանկացման հետ: