Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 10-ին մասնակցել է Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը։ Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում` իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD եւ Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության Բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ (1,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բացման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն։

Տիգրան Սարգսյանը եւ Ֆիլիպ լե Ուերուն շրջել են շենքում, ծանոթացել լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության հնարավորություններին եւ աշխատանքային պայմաններին։

Հիմնանորոգված եւ արդիականացված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն այժմ զբաղեցնում է մոտ 3200 քմ տարածք, եւ յուրաքանչյուր բաժանմունք ունի իր առանձին լաբորատորիան։ Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի եւ հավաստագրման միջազգային չափորոշիչներին։ Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը` սննդի անվտանգության եւ անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների եւ սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը։ Համաձայն հավատարմագրման պահանջների` ներդրվել է որակի վերահսկողության համակարգը։

Կենտրոնին տեխնիկական օժանդակություն եւ անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հունաստանի կառավարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը։