Առնվազն տարօրինակ է այն աժիոտաժը, որը բարձրացվել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից  ներկայացված  բանաձեւի պատճառով:  Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշեց, որ այդ բանաձեւն «օդից չի ընկել», այլ մի քանի տարվա վաղեմություն ունի: Այն Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտցրել դեռեւս 2006 թվականին դեկտեմբերին եւ երկրորդ անգամ` 2008 թվականի մարտի 18-ին: 

«Երբ ՄԱԿ–ում Ադրբեջանի պատվիրակությունը 2008թ. սկզբին ակտիվորեն առաջ էր քաշում այս բանաձևը, Հայաստանում ընտրությունների կեղծիք էր իրականացվում, սպանդ ժողովրդի նկատմամբ եւ արտգործնախարարության միակ գործառույթն այդ օրերին PR ապահովելն էր ապօրինի իշխանություններին, դրա համար էլ աչքաթող են արել։ Հիմա՝ երկու տարի անց, ասում ենք՝ ինչպե՞ս եղավ, որ եղավ»,– ասաց նա:

Իսկ այն, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանն իր կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկությունը հետաձգել է, դեռ չի նշանակում, որ բանաձեւը հանվել է ընդհանրապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգից: Բանաձեւի նախագիծն ընդամենը տեղափոխվել է ՄԱԿ-ի հաջորդ նստաշրջան: «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդամենը հայտարարեց, որ առաջարկում է բանաձեւի քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջան: Այսինքն, եկող երեքշաբթի օրվանից մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր այդ հարցը «դամոկլյա սրի» պես կախված է  լինելու Հայաստանի գլխին»,-հայտարարեց Արզումանյանը:

Բանաձեւի քվեարկության հետաձգումն, ըստ ՀՀ նախկին ԱԳ նախարարի, բանաձեւում առկա դրույթն է` ԵԱՀԿ-ի կողմից ազատագրված 7  տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին, որում պետք է ներգրավված լինի Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն ու միջազգային կառույցների այլ փորձագետներ: «Այնպես որ, այն, ինչ  պահանջում էր Ադրբեջանը, արդեն ստացել է եւ այս պահին նպատակահարմար չի համարում հարցը դնել քվեարկության»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է բանաձեւի հետ կապված  Հայաստանի ԱԳՆ-ի կողմից երեկ տարածված հայտարարությանը, նախկին ԱԳ նախարարը նկատեց. «Դա ներքին օգտագործման համար է, եւ ներկայացվելու է որպես դիվանագիտական հաղթանակ: Պաշտոնավարող սուբյեկտները պարզ է, որ պետք է փորձեն ներկայացնել այնպիսի իրողություն, որ արդարացնեն իրենց՝ հարկատուների հաշվին ապրելն ու անգործությունը: Դա իրենց խնդիրն է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նշելով. «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը: Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա»: