«Kill Dim երգիծական մուլտաշարը ստեղծվել է հայ զինվորներին ոգեշնչելու նպատակով»,- ասում է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մուլտաշարի մեխը դարձնելու գաղափարը Դավիթ Սահակյանցի, Նանա Սահակյանցի, եւ վերջինի ամուսնու՝ Ալեքսան Հարությունյանի մոտ ծնվում է 2012թ.-ին։

Kill Dim-ը պետք է նույնիսկ հեռարձակվեր Հանրային հեռուստատեսությամբ, անոնսից հետո, սակայն, ստեղծագործական խումբը հասկանում է, որ մուլտաշարի ձեւաչափը չի համապատասխանում եթերայինին, եւ տեղափոխում է այն համացանցի տիրույթ։ 

Հեղինակները մուլտաշարում ներկայացնում են հայոց եւ ադրբեջանական  բանակների նկատմամբ իրենց վերաբերմունքը, ստեղծում թիկնեղ, բարետես եւ մարտունակ հայ զինվորի կերպար՝ հակապատկերելով ադրբեջանական բանակի զինվորի կերպարը, որին բոլոր դիպվածներում ուղեկցում է հայերի կարծրատիպերում ադրբեջանցիների հետ ասոցացվող ոչխարը։

Ի սկզբանե, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Kill Dim-ի ստեղծագործական խմբի անդամները նախընտրում են գաղտնի գործել, սակայն հեղինակների ինքնության վերաբերյալ բազմաթիվ աբսուրդ մեկնաբանություններից հետո դուրս են գալիս ընդհատակից։

«Մեզ խորհուրդ էին տալիս զգուշանալ ադրբեջանցիներից, ես էլ այն ժամանակ հաճախ էի մեկնում Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների գիտաստեղծագործական մտավորականության ֆորումների, որտեղ լինում էին նաեւ շատ ադրբեջանցիներ։ Բացի դա, գաղտնի էինք գործում, քանի որ չէինք ուզում, որ Ռոբերտ Սահակյանցի անունը շոշափվի ազերիների կողմից։ Երկար ժամանակ թաքցնում էինք, բայց երբ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե ովքեր են հեղինակները,  նույնիսկ ասում էին, որ հենց ազերիներն են անում դրանք, հայտարարեցինք, որ մենք ենք հեղինակները, անիմաստ էր թաքնվելը»,-պարզաբանում է Դավիթ Սահակյանցը։

Բացի դրանից, մուլտիպլիկատորն ասում է, հայաստանցիներից չես թաքցնի Սահակյանցներին բնորոշ ձեռագիրը։  

Ադրբեջանցիները, Սահակյանցի խոսքով, թեմաներ շատ են տալիս, եւ յուրաքանչյուր սերիա ստեղծվել է կոնկրետ իրադարձության հիման վրա, բնականաբար, գրոտեսկային տարբերակով։

«Մեր հարեւաններն այնքան հիմարություններ են թույլ տալիս, որ ինֆորմացիայի առիթները, կարծում եմ, անսպառ են»,- ասում է մուլտիպլիկատորը։ 

Kill Dim-ի մեկ սերիայի բուն ստեղծման պրոցեսը տեւել է մեկից երկու շաբաթ, փորձել են հնարավորինս արագ արձագանքել այս կամ այն իրադարձությանը՝ չկարեւորելով հոլովակի տեւողությունը։ Առաջին երկու սերիաները ստեղծվում են Հայկ եւ Դավիթ Սահակյանցների կողմից, ավելի ուշ նրանց է միանում քույրը՝ Նանա Սահակյանցը։

Դավիթ Սահակյանցն ասում է՝ Kill Dim-ների ստեղծման պրոցեսը պարզապես ֆանտաստիկ էր։

«Շատ ուրախ են անցել այդ օրերը։ Նստում, որոշում էինք՝ ինչ իրադարձություն ենք ներկայացնելու ու անցնում էինք նկարելուն։ Երբ պատրաստ մատերիալը կար, մեր շատ լավ ընկեր Վարդանը Զադոյանը միանում էր վերջին էտապին, հնչյունավորում բոլոր պերսոնաժներին, երբեմն ես էլ էի միանում հնչյունավորմանը։ Այնտեղ լեզու չկա, թուրքերեն բառերն էլ են հորինված, գոյություն չունեցող բառեր են ու, բնականաբար, շատ ծիծաղելի էր անցնում ստեղծման պրոցեսը»,-ասում է Սահակյանցը։

Մի քանի սերիաներից հետո ադրբեջանցիները սկսում են Youtube կայքին բողոք-նամակներ ուղղել դրանք արգելափակելու պահանջով, սակայն ապարդյուն։ Ադրբեջանցիները շուտով փորձում են կիբերհարձակումներ անել Kill Dim-ի պաշտոնական կայքէջին, որը, ըստ մուլտիպլիկատորի, պաշտպանված է հենց իր պարզունակության շնորհիվ։

«Էլ չեմ խոսում Youtube-ում ազերիների մեկնաբանությունների մասին։ Այն դեպքն է, որ չես ուզում աչքերդ ներքեւ իջացնել, ու մեր մասին մեկնաբանությունները կարդալ։ Մենք նույնիսկ ինֆորմացիա ունենք, որ ամենաբարձր ատյանների մակարդակով ադրբեջանցիները բողոքել են՝ Հայաստանում էս ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ են նկարում մեր մասին, ինչը մեզ հաճելի է լսել»,-ասում է Սահակյանցը։

Դավիթ Սահակյանցի խոսքով՝ Kill Dim մուլտաշարի ստեղծումը չեն դադարեցրել, նույնիսկ մեկ սերիայի սեւագիր ունեն, պարզապես դադար են վերցրել գերծզբաղվածության եւ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման պատճառով։  

«Նախ չէինք ուզում շատ անել, որ մենք ինքներս չսպառվեինք, եւ սերիաները չտուժեին։ Որոշել էինք ուշ-ուշ անել, որ ամեն մի սերիա շատ ուժեղ լինի։ Հետո զբաղվածությունն էր շատ, իսկ այս տարի իրադարձությունները, զարգացումները շատ ավելի լրջացան, սահմանի վրա բախումները ավելացան, զոհվում էին մեր տղաները, որոշեցինք, որ կոռեկտ չի լինի այդ թեմայով ինչ-որ հումոր անել»,-ասում է Kill Dim-ի համահեղինակը։

Սահակյանցն ասում է` առաջիկայում սպասեք նոր Kill Dim-ների, քանի որ դրանք, իսկապես, ոգեւորում են սահմանին ծառայող հայ զինվորներին։

«Վերջերս Մարտակերտի զորամասում էինք, խտասկավառակը թալիսմանի պես փոխանցում են միմյանց, նայում են, ոգեւորվում են։ Kill Dim-ի սիրահարների մեծ բանակ ունենք հենց բանակում, հենց դա հաշվի առնելով՝ մտադիր ենք շարունակել»,-եզրափակում է Դավիթ Սահակյանցը։