Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության եւ այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը:
Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ եւ եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին»:
Հիշեցնենք, որ տարբեր տվյալներով Վլադիկավկազում սեպտեմբերի 9-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 3 հայ է զոհվել: Զոհվածներից մեկը՝ Արսեն Էլբակյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Մյուս երկու զոհվածները ՌԴ քաղաքացիներ են: Մասնավորապես հայտնի է, որ զոհվել են Իրինա Գասպարի Գասպարյանը եւ Գրիգոր Սերգեյի Գրիգորյանը:
Հայեր կան նաեւ վիրավորների շարքում, սակայն առայժմ հաղորդվում է միայն վիրավորված 81-ամյա Շահնազար Ջավոդի Շահնազարյանի մասին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենայով սեպտեմբերի 9-ի առավոտյան պայթեցրել է իրեն Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ: Ռումբի հզորությունը կազմել է 25-30 կգ տրոտիլային համարժեքով: Զոհվել է 16, վիրավորվել 123 մարդ:



























