ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւի դուրսբերումը Երեւանի դիվանագիտական հաղթանակի, միջազգային ասպարեզում երկարատեւ եւ արդյունավետ աշխատանքի արդյունք է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը։
Նրա խոսքով, այս որոշմամբ աշխարհն Ադրբեջանին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ղարաբաղյան գործընթացում այլընտրանք չունի։ «Միջազգային հանրությունն, ըստ էության, հասկացրեց Ադրբեջանին, որ նրա փորձերը՝ ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, դատապարտված են ձախողման»,- նկատեց Նիկոյանը։
Ինչ վերաբերում է Բաքվի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը բանաձեւը հանել է մարդասիրական նպատակներից ելնելով, ապա ԱԺ փոխնախագահի կածիքով դա փորձ է՝ կոծկել իր պարտությունը։ «Ադրբեջանը նստաշրջանի օրակարգից հանեց բանաձեւը, քանի որ հասկացավ, որ քվեարկության դեպքում այն կձախողվի»,- նկատեց Նիկոյանը։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից հանել էր «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւը։ Այդ բանաձեւում, մասնավորապես, խոսվում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու, ինչպես նաեւ «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» հուշարձանների եւ սրբատեղիների ոչնչացնելու անթույլատրելիության մասին։




























