191 մլն ամերիկացի ընտրողների անձնական տեղեկատվություն պարունակող տվյալների բազան հասանելի է դարձել համացանցում: Այն պարունակում է ընտրողների անունները, հասցեները, անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, հեռախոսահամարները, ծննդյան ամսաթվերը, ինչպես նաեւ քաղաքական պատկանելիությունը եւ մանրամասներ, թե ինչպես են քվեարկել 2000 թվականից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մինչ նահանգների մեծ մասում ընտրողների ցուցակները հասանելի են դարձել հասարակությանը, այդ նահանգներից շատերի իշխանությունները այդ տվյալների օգտագործումը սահմանափակող կանոններ են մտցնում: Օրինակ Հարավային Դաքոտան պահանջում է, որ այն անձը, ով այդ տվյալներից օգտվելու հարցում է ներկայացնում, պետք է հաստատի, որ տեղեկատվությունը չի վաճառելու կամ չի օգտագործելու առեւտրային նպատակներով կամ չի հրապարակելու համացանցում:

Նախկինում ԱՄՆ-ում սկանդալ էր հասունացել՝ կապված նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսի շտաբի աշխատակիցներից մեկի կողմից մեկ այլ թեկնածու՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պատկանող տվյալների բազային ընտրողների անձնական տվյալները գողանալու հետ: