Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստում, այսօր՝ դեկտեմբերի 29-ի գիշերը բեռնատար է պայթել ու այրվել, որը ուկրաինական համարանիշներով է եղել: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բեռնատարի վարորդը լրջորեն տուժել է, եւ հիմա ծանր վիճակում գտնվում է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Եվս մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնք պատահաբար եղել են բեռնատարի մոտ:
Անհապաղ դեպքի վայր են ժամանել բժիշկներ, հրշեջ բրիգադներ եւ քննիչներ: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը բեռնատարի վառելիքի բաքի պայթյունն է եղել: Իրավապահները փորձում են պարզել պայթյունի պատճառը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Թուրքական գործակալությունները հաղորդում են նաեւ, որ պայթյունների շարք է տեղի ունեցել նավահանգստի մոտ գտնվող երկաթգծի կայարանում: Ականատեսները նշում են առնվազն 5 պայթյունի մասին, որոնք հետեւել են մեկը մյուսին: Համացանցում տարածված տեսակադրերում երեւում է, որ դեպքի վայրը կրակների մեջ է: Այս պահին հրդեհն արդեն մարվել է:




























