Այն փաստը, որ Բաքուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից հանեց «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը, կարելի է ողջունել, սակայն ձեռք բերվածով չպետք է բավարարվել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այս ամենի մեջ դրականն այն է, որ Ադրբեջանի նմանօրինակ նախաձեռնությունները Հայաստանի ԱԳՆ-ին ստիպում են դուրս գալ քնի վիճակից եւ ակտիվ քայլերի դիմել, սակայն չարժե բավարարվել ձեռք բերվածով եւ ուրախանալ, որ այս նստաշրջանում հարցի քննարկումը հաջողվեց կանխել։ Ակտիվորեն պետք է աշխատել ոչ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը նախաձեռնողականություն է ցուցաբերում, այլ պարբերաբար, որպեսզի այդ նախաձեռնությունները կանխվեն»,- նկատեց Գալստյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ Երեւանն ինքը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի եւ միջազգային ատյաններում բարձրացնի Հայ դատի հարցը։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից հանել էր «Ադրբեջանի բռնազավթված տարածքների մասին» բանաձեւը։ Այդ բանաձեւում, մասնավորապես, խոսվում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու անհրաժեշտության, ինչպես նաեւ «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» հուշարձանների եւ սրբատեղիների ոչնչացնելու անթույլատրելիության մասին։





























