Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 2010 թ. գյուղատնտեսությունում առկա անկմանը։ «Գյուղատնտեսության անկումն ահռելի էր եւ ընդհանուր մեր մակրոտնտեսական բոլոր ցուցնիշները գյուղատնտեսության պատճառով ցավոք սրտի վատացան»,-ասել է Տ. Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ պատճառը միայն բնակլիմայական պայմաններն են, իսկ ոլորտում իրականացվում են լրջագույն բարեփոխումներ։ Մասնավորապես՝ առաջին անգամ հաստատվել է սերմնաբուծության ծրագիր եւ չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ում լուրջ սահմանափակումներ են հիմա կիրառվում ցորենի սերմի արտահանման առումով, մոտակա շաբաթվա ընթացքում Հայաստան կներմուծվի 1000 տոննա բարձր որակի սերմ։ «Մոտակա 5 տարիների ընթացքում նպատակ ունենք հասնել այնպիսի աստիճանի, որ կարողանանք տեղում շուրջ 30 հազար տոննա էլիտար սորտերի սերմ արտադրել։ Տասնյակ մասնավոր սերմնաբուծական ֆերմաները կապվելու են այդ ծրագրին, եւ մենք հույս ունենք, որ 5 տարվա ընթացքում սերմի հարցն ամբողջությամբ կլուծենք։ Դա մոտավորապես 15-20 տոկոսով կբարձրացնի արտադրողականությունը»,- հույս է հայտնել վարչապետը։

Գյուղատնտեսական բարեփոխումների մյուս ուղղությունը, ըստ վարչապետի, օրգանիկ պարարտանյութերի արտադրության ծրագիրն է, որի արդյունքում կախվածությունը ներմուծվող պարարտանյութից նվազելու է։ Բացի այդ, հայկական պարարտանյութը երկու անգամ ավելի էժան է լինելու` ներմուծվող պարարտանյութի համեմատ։

Իրականացվում է նաեւ անասնագլխաքանակն ավելացնելու մշտական գործընթաց։ Արտասահմանից ներմուծվում են երինջներ, ինչի նպատակը արտադրողականության բարձրացումն է։ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծվել են տարածաշրջանային կենտրոններ, որոնք գյուղացիների հետ խորհրդակցություններ են անցկացնում։ Հանրապետության ոռոգման եւ խմելու ջրի համակարգերը եւս բարելավվում են։

Վարչապետն ասաց նաեւ, որ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը կապվում է գյուղերի զարգացման հետ, քանի որ գյուղերի համալիր զարգացումը, գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծումը չափազանց կարեւոր է տարածքների համաչափ զարգացման համար։