2015թ. սեպտեմբերի 3-ին զոհված 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը սեփական ձեռքերով էր կառուցել խրամատը, որը, սակայն, նրան չպաշտպանեց հակառակորդի դարանակալ գնդակից:

«Հայկը ֆիզիկապես ուժեղ տղա էր, տեղ կար, որ իր ֆիզիկական ուժը մեզ շատ է օգնել: Մեծ քարափը ջարդեցինք, խրամատ սարքեցինք, ցավոք, էդ խրամատը նրան չպահեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկի զինակից, ավագ-լեյտենանտ Արծվին Գաբոյանը, որը չարաբաստիկ օրը դիրքերում չի եղել, սակայն չի կասկածում, որ Հայկն իր պարտականությունները գերազանց է կատարել։

Դեպքի օրը Հայկի հետ մարտականի դիրքում հերթապահություն իրականացնող կրտսեր սերժանտ Սեւակ Վահրադյանը պատմեց, որ իրենք դեպքից րոպեներ առաջ էին հերթափոխն ընդունել: Սեւակի խոսքով` դեպքն ակնթարթորեն է տեղի ունեցել, Հայկը մի պահ փորձել է դիտարկում անել, հենց այդ պահին հակառակորդը կրակել է նրա ուղղությամբ:

«Ես իր հետ ծառայության մեջ էի էդ ժամանակ մարտական դիրքում, հերթապահությունն ընդունելուց 25 րոպե էլ չէր անցել, էդ դեպքը պատահեց, ուղղակի ակնթարթորեն եղավ էդ ամեն ինչը, նայեց հակառակորդին, ուզում էր դիտարկում անել, ու էդ պահին կրակեցին»,-ասաց կրտսեր սերժանտը` ավելացնելով, որ ինքն օգնության է կանչել հերթապահությունն իրենց հանձնած Արտաշես Մկրտչյանին, որը նաեւ Հայկի քավորն է:

Արտաշես Մկրտչյանը նշեց, որ չի էլ հասցրել շատ հեռանալ մարտական դիրրքերից, երբ կրակոցներ ու Սեւակ Վահրադյանի օգնության կանչն է լսել. «Հայկին խփեցին»:

«Վազեցի վերեւ, տեսա` Հայկը նստած է, կատակով ասեցի` ի՞նչ է, քաչալդ քերծի՞ն, այ տղա, ձեն չհանեց, տեսա` ուզում է սաղավարտը հագից հանել, սաղավարտը հանելու ժամանակ նոր տեսա` որտեղից է վիրավորված, ճչացի, վազեցի, մինչեւ ցանկացա օգնություն ցույց տալ, բայց, ավաղ, ոչ մի բանով չկարողացա օգնել: Մի քանի անգամ Հայկ գոռացի, գլուխը մի քիչ բարձրացրեց, ասեց` քավոր, կարա՞ս փրկես, բայց քավորն ի վիճակի չէր փրկելու: Էդ ամեն ինչը տեւեց ընդամենը 7 րոպե, անհնար էր ինչ-որ բանով օգնել եթե նույնիսկ բժշկական անձնակազմ ներկա լիներ, էլի հնարավոր չէր»,- արտասվելով պատմեց Արտաշես Մկրտչյանը:

Արտաշեսին դեռ ավելի ծանր փորձություն էր սպասվում. Հայկի մահվան լուրը պետք է հայտներ նրա ընտանիքին: «Ինձ հրահանգեցին Հայկի ընտանիքին հայտնել նրա մահվան լուրը, ես ասեցի` ի վիճակի չեմ, ես գնամ էդ 5 երեխեքին ի՞նչ պատասխան տամ, բայց ստիպված էի արդեն: Եկա, ճանապարհին Հայկի կինը զանգեց, ասեց` ի՞նչ ա եղել, ես անջատեցի հեռախոսը, չէի կարա ասեի, որ Հայկն արդեն հետեւում թողել էր այրի կին, երեխաներ, բայց իմացվեց՝ ինչ ա եղել»- պատմեց նա:

Հայկ Թեւոյանի հայրենի գյուղի՝ Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտական խորհրդի ընդհանուր ժողովում որոշում է կայացվել ռազմահայրենասիրական դաստիրակության դասասենյակն անվանակոչել Հայկ Թեւոյանի անունով:

«Հայկ Թեւոյանը համայնքի կողմից սիրված անձնավորություն էր: Նրա մահը մեծ կորուստ էր մեր գյուղի համար, բայց գյուղը հպարտությամբ է հիշում Հայկի անունը, քանի որ նա հավատարիմ մնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու որդեգրած սուրբ գործին»,- ասաց դպրոցի տնօրենը:

Դասասենյակում են Հայկ Թեոյանի զինվորական համազգեսը, հետմահու շնորհված արիության մեդալը եւ մարտական դիրքերում արված ու ընտանեկան լուսանկարները:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է: Հայկ Թեւոյանը ընտանիքի միակ աշխատողն էր: Հայկ Թեւոյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: