«ԱրմենՏել» ընկերությունը «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցություն է սկսել։ Այսօր` սեպտեմբերի 10-ին կայացած ասուլիսում ընկերությունների ներկայացուցիչները տեղեկացրին, որ համագործակցության շրջանակում գործարկվելու է բազմաբովանդակ տեղեկատվություն տրամադրող տեղեկատվական վճարովի կենտրոն։ «Սփյուռի» գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը նշեց, որ տեղեկատվական կենտրոնի 51 99 99 հեռախոսահամարը շարունակելու է անվճար գործել, իսկ հերթից դուրս մնացած զանգերը կմիացվեն վճարովի 0 9000 9999 համարին։ «Սփյուռը օրական սպասարկում է մոտ 5000 զանգ, սակայն իրականում զանգերի քանակը 12-13 հազարի սահմանում է, պարզապես օպերատորների ծանրաբեռնվածության պատճառով այդ զանգերն անպատասխան են մնում»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ անվճար համարին զանգահարողները պատասխանի իրենց հերթին կսպասեն, իսկ շատ շտապ պատասխան ակնկալողները կմիացվեն վճարովի ծառայությանը։

«ԱրմենՏել»-ի հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ ընկերությունները փոխշահավետ համաձայնության են եկել, ինչպես նաեւ փոխլրացրել են տեղեկատվական բազան։ «ԱրմենՏելի անվճար տեղեկատուն՝ 1 09-ը շարունակելու է անվճար գործել, սակայն նոր ծառայության տեղեկատվական բազան ավելացնելու համար, Սփյուռին տրամադրել ենք նաեւ մեր բազան»,- ասաց նա։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց, որ ընկերությունը «Սփյուռի» հետ համագործակցությամբ հեռախոսային խորհրդատվության ծառայություն սկսելու առաջին քայլն է կատարում։ «Ամբողջ աշխարհում այսօր հեռախոսային խորհրդատվությունը տնտեսության ու հատկապես արտադրության զարգացման լուրջ խթաններից մեկն է եւ գործարարների համար դարձել է շուկայի ուսումնասիրման եւ մոնիտորինգի յուրահատուկ միջոց, եւ «ԱրմենՏելը» ձգտում է Հայաստանում եւս նման կենտրոն ստեղծել»,-ասաց Բեղլոյանը։

Տեղեկացնենք, որ նոր ծառայության մեկ վայրկյանի սակագինը կազմելու է 1,5 դրամ։