2011 թ.հունվարի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած մարդիկ Հայաստանում հնարավորություն կստանան հատուցում ստանալ ապահովագրական ընկերություններից։ Այդ հնարավորությունը ստեղծում է ավտոմոբիլային միջոցների պարտադիր ապահովագրական համակարգը։ Ընդ որում, սկզբնական շրջանում, հատուցում կստանան այն անձինք, որոնք տուժել են նաեւ իրենց մեղքով, ասենք՝ ճանապարհը հատել են ոչ այն տեղում, կամ պատահարը տեղի է ունեցել երկուստեք մեղավորության հետեւանքով։ Կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ասաց, որ աշխարհի այլ երկրներում նման կարգ չկա։ Այնուամենայնիվ՝ Հայաստանում որոշվել է փոխհատուցել բոլոր տուժողներին, անգամ եթե նա մասնակի մեղավոր է։ Առայժմ վերջնականապես հստակեցված չէ ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում մեղավորության աստիճանի որոշման մեխանիզմը։
Տուժողին հատուցվող ապահովագրական առավելագույն գումարը գույքային վնասի դեպքում կազմում է 1,5 մլն դրամ (մոտ 4 հազ. դոլար), իսկ անձնական վնասի դեպքում՝ 3 մլն դրամ (8 hազ. դոլար)՝ ըստ յուրաքանչյուր տուժողի։ Սակայն 1 պատահարի դեպքում վճարվող փոխհատուցումը չի կարող գերազանցել 9 մլն դրամը (24 հազ. դոլար)։
Հայաստանում գործող 9 ապահովագրական ընկերություններից 8-ը արդեն արտոնագիր են ստացել ավտոմքենաների պարտադիր ապահովագրության համար։ Միակ ընկերությունը, որ առայժմ պարտադիր ապահովագրության շուկայի մասնակից չէ՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Այ Էս Ջի»-ն է, որը մասնագիտացած է օդանավերի ու բեռնափոխադրումների ապահովագրության մեջ, սակայն կամավորության հիմունքներով արդեն իսկ իրականացնում է ավտոպատահարներից տուժած անձանց ապահովագրում (ըստ ընկերության կայքէջում տեղակայված տեղեկատվության)։





























