Apple կորպորացիան 2015 թ. հաստատել է ԱՄՆ-ում ու աշխարհում իր լիդերությունը կապիտալիզացիայի տեսակետից խոշորագույն ընկերությունների ցանկում, գրում է The Wall Street Journal–ը:

Նշում են, որ Alphabet Inc. ինտերնետային հսկան,որը Google–ի սեփականատերն է, զգալիորեն բարելավել է իր դիրքերը ու առաջին անգամ հայտնվել երկրորդ տեղում:

Apple –ը 2015 թ. սկսել էր մոտավորապես 640 մլրդ դոլարով, գարնանը հասնելով 750 մլրդ դոլարի, սակայն տարվա վերջին եռամսյակում աշխարհի ամենաթանկարժեք ընկերության շուկայական արժեքը 600 մլրդ դոլարից էլ ցած է իջել, ինչը պայմանավորված էր iPhone–ի պահանջարկի կապակցությամբ մտավախություններով, հայտնում է Gazeta–ն:

Մինչդեռ Alphabet -ն այս տարի զգալի առաջընթաց է գրանցել, ավելացնելով կապիտալիզացիան 45 տոկոսով՝ հասցնելով այն ավելի քան 530 մլրդ դոլարի:

Վերջին ամիսներին նկատելի վերելք է գրանցել նաեւ Microsoft Corp-ը, դուրս գալով երրորդ տեղ գրեթե 450 մլրդ դոլար կապիտալիզացիայով: Ընկերության բաժնետոմսերն այս տարի թանկացել են՝ հասնելով այնպիսի նիշի, որը վերջին անգամ 15 տարի առաջ է դիտարկվել, երբ Microsoft Corp-ին էր պատկանում աշխարհի խոշորագույն ընկերության տիտղոսը: