Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր բողոքն է հայտնել Սիրողական սամբոյի միջազգային, մայրցամաքային եւ ազգային ֆեդերացիաներին՝ հայ մարզիկների նկատմամբ իրականցված ապօրինության կապակցությամբ:
Խոսքը վերաբերում է, 2010թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Պեկինում անցկացված «Սպորտակորդ»` Մարտարվեստի առաջին համաշխարհային խաղերին, որին` Սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայի /FIAS/ հրավերով սամբո մարզաձեւից մասնակցում էր Վաչիկ Վարդանյանը: Ընդ որում, FIAS-ը հայ մարզիկին հայտավորել էր մարտական սամբոյի մրցումներում, քանի որ հենց այս մարզաձեւում է Վաչիկ Վարդանյանը քանիցս արժանացել աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակրի կոչման: Սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Խաղերի կազմակերպիչները Վաչիկին մարտականի փոխարեն ընդգրկել էին մարզական սամբոյի մրցումներում, արդյունքում` Հայաստանը ներկայացնող մարզիկը երեք գոտեմարտերում տարել էր ընդամենը մեկ հաղթանակ: Տարօրինակ էր, որ FIAS-ը մերժել էր հայազգի մեկ այլ մարզիկի` Աշոտ Դանիելյանի մասնակցության հայտը, ով այս տարի նվաճել էր մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նամակում իր անհամաձայնությունն է հայտնում 2010թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Պեկինում անցկացված «Սպորտակորդ»` մարտարվեստի առաջին համաշխարհային խաղերին մասնակցած մարզական պատվիրակության կապակցությամբ:
«Ինչո՞ւ են FIAS-ից ստացված փաստաթղթերում եւ նամակներում բացակայում մրցաշարի մասնակիցների մասնակցությունն ու քաշային կարգերը սահմանող չափորոշիչների մասին տեղեկացնող ընթացակարգն ու կանոնակարգը:
Ինչո՞ւ է մարտական սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը հայտնվել մարզական սամբոյի մինչեւ 68 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկների ցուցակում:
Ինչո՞ւ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, մարզական սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի մրցանակակիր, 74 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Դանիելյանը չմասնակցեց մրցաշարին` Սիրողական սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի` «համաձայն ընթացակարգի» պատճառաբանությամբ: Ինչքանո՞վ է սա արդար»,- հարց են տալիս հայկական ֆեդերացիայի պատասխանատուներն ու պարզաբանումներ պահանջում սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայից:





























