Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը այս շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:
ԱԳ նախարար Ալի Շամին եւ դեսպան Քոչարյանը ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման կարեւորությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող զարգացումների վերաբերյալ:
Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ զրուցակիցները քննարկել են Երեւան եւ Բեյրութ քաղաքների համագործակցության հնարավոր ուղղությունները: Բիլալ Համադին փոխանցվել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերը մասնակցելու հոկտեմբերի 10-ի Երեւանում անցկացվելիք տոնակատարություններին:
Դեսպան Աշոտ Քոչարյանն ու Բեյրութի եւ Լեռնային Լիբանանի առեւտրաարդյունաբերական եւ գյուղատնտեսական պալատի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ռոջեր Է. Խայաթը նշել են բարձրաստիճան պատվիրակությունների եւ գործարարների փոխայցելությունների անհրաժեշտությունը: Քննարկել են նաեւ հայ-լիբանանյան գործարար խորհրդի ստեղծման եւ երկու երկրների գործարարների փոխշահավետ համագործակցության հեռանկարները:



























